Երևան
քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման
վերաբերյալ լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման, ինչպես նաև ստացվող
ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում
անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ:
Պաշտպանի
հանձնարարությամբ կապ է հաստատվել ինչպես իրավասու պետական և տեղական ինքնակառավարման
մարմինների, հարակից շենքերի բնակիչների, այնպես էլ պայթեցման աշխատանքներով զբաղվող
ընկերության ներկայացուցչի հետ:
ՄԻՊ աշխատակազմում
ուսումնասիրվում են հարցին առնչվող առկա փաստերը և ոլորտը կարգավորող իրավական ակտերը:
Մարդու
իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում այն, որ բնակիչները գործընթացի վերաբերյալ
պատշաճ չեն իրազեկվել, ինչը համանման գործընթացների պարագայում հաճախակի հանդիպող պրակտիկա
է և չի համապատսխանում միջազգային չափանիշներին:
Հաշվի
առնելով բնակիչների մոտ առկա մտահոգությունները, ոլորտը կարգավորող իրավական ակտերի
վերաբերյալ առկա միմյանց հակասող մեկնաբանություններն ու տարընթերցումները, պայթեցնելու
հնարավոր հետևանքների լրջությունը, այդ թվում` մարդու իրավունքների տարբեր բնագավառների
տեսանկյունից, ինչպես նաև ոլորտում պետության կոնկրետ պոզիտիվ պարտավորությունները՝
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ պետությունը պետք է ապահովի գործընթացի պատշաճ կազմակերպումը
և բացառի մարդու իրավունքների հնարավոր խախտումները այդ համատեքստում:
Այս տեսանկյունից
Պաշտպանը կարևորում է նաև ոլորտի իրավահարաբերություններն առավել համապարփակ կարգավորելու
և գործող կարգավորումները կատարելագործելու անհրաժեշտությունը:
Վերոնշյալ
հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այս պահին
ևս քննարկումներ են ընթանում իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների
հետ խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ: