Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի
ներկայացուցիչների ուղեկցությամբ, հուլիսի 10-ին այց է իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ
Կացարան» ՊՈԱԿ։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանում տրամադրվող կենսաապահովման
պայմանների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին,
սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի, սպիտակեղենի, անձնական հիգիենայի պարագաների, հագուստի
և կոշիկի տրամադրման հետ կապված հարցերը։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում
բնակվող ապաստան հայցողների, այդ թվում՝ երեխաների, ինչպես նաև Կացարանի աշխատակիցների
հետ:
Այցի ընթացքում արձանագրվել են խնդիրներ, որոնք, ի թիվս այլնի,
վերաբերում են ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում՝ խոհանոցի և սանհանգույցների
սանիտարահիգենիկ վիճակին: Կացարանի շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն
ունեցող անձանց համար։
Արձանագրվել են ապաստան հայցող երեխաների կրթության իրավունքի,
առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված երեխաներին տրամադրվող աջակցության և խնամքի
պատշաճ ապահովման հետ կապված համակարգային խնդիրներ, որոնց լուծման համար պետությունը
պետք է ներդնի գործուն կառուցակարգեր:
Չնայած իրավասու մարմնի կողմից ձեռնարկվող քայլերին, խիստ մտահոգիչ
է, որ դեռևս շարունակվում են չլուծված մնալ հարևան մասնաշենքերից կոյուղաջրի արտահոսքի
հետևանքով առաջացած խնդիրները, որի առնչությամբ Պաշտպանը անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու
պահանջով դիմել է համապատասխան մարմնին։
Արձանագրվել է, որ Կացարանում արաբերեն լեզվի մասնագետ չկա,
այնպիսի պայմաններում, երբ Կացարանում բնակվող ապաստան հայցողների մեծամասնությունը
արաբախոս է։
Կացարանի տնօրինությունը բարձրացրել է նաև Կացարանի անվտանգության
ապահովման հետ կապված հարցը՝ նշելով մասնագիտացված ծառայության ներդրման անհրաժեշտությունը։
Առանձնազրույցների ընթացքում Կացարանում բնակվող անձանց պարզաբանվել
են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը և Պաշտպանի լիազորությունները,
մանրամասն քննարկվել են անձանց կողմից բարձրացված հարցերը:
Անահիտ Մանասյանն այցելել է նաև «Հանրակացարաններ» ՊՈԱԿ։ Շրջայց
է իրականացվել տարածքով, ուսումնասիրվել են բնակիչների կենցաղային պայմանները, նրանց
հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ ՊՈԱԿ-ի բնակիչների կողմից բարձրացված բոլոր
խնդիրները հաշվառվել են։
Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ
համապատասխան միջոցներ ձեռնարկելու պահանջով և առաջարկություններով գրություններ կհասցեագրվեն
իրավասու մարմիններին։