Քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց ֆունկցիոնալության
գնահատման գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրների
քննարկման նպատակով 2024 թվականի հուլիսի 9-ին Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել
է հանդիպում իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, ՀՀ արդարադատության նախարարության
քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակն էր բոլոր իրավասու մարմինների հետ համատեղ
քննարկել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ֆունկցիոնալության գնահատման
գործընթացի ձգձգման պատճառները, վեր հանել առկա խնդիրներն ու նախանշել դրանց լուծման
ուղիները:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, ներկայացվել են էլեկտրոնային
առողջապահության «Արմեդ» համակարգի և «e-disability» էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության,
«e-disability» էլեկտրոնային համակարգում առկա տեխնիկական, իրավասու մարմինների միջգերատեսչական
համագործակցության, պատշաճ վարչարարության իրականացման, մասնագետների թվի պակասի, օրենսդրական
թերի կարգավորումների հետ կապված խնդիրներ: Հանդիպման մասնակիցները, որպես Քրեակատարողական
հիմնարկում պահվող անձանց ֆունկցիոնալության գնահատման գործընթացի ոչ պատշաճ կազմակերպման
պատճառ, նշել են նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից անհրաժեշտ
բժշկական հետազոտությունների կազմակերպման, բժշկական փաստաթղթերի փաթեթների պատրաստման
և ուղեգրման գործընթացի անհարկի ձգձգումները։
Ընդգծվել է, որ քննարկման արդյունքում բարձրացված որոշ խնդիրներ
վերաբերում են ոչ միայն քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այլև ֆունկցիոնալության
գնահատման համար դիմած յուրաքանչյուր անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին։
Քննարկման արդյունքում նախանշվել են անձի ֆունկցիոնալության
գնահատման գործընթացում առաջացած խնդիրների լուծման ուղղությունները, պայմանավորվածություն
է ձեռք բերվել ֆունկցիոնալության գնահատման գործընթացում անձանց իրավունքների պաշտպանության
առնչությամբ հետագա համագործակցության վերաբերյալ:
Հանդիպան արդյունքում քննարկված խնդիրների առնչությամբ Պաշտպանի
կողմից գրություններ կհասցեագրվեն համապատասխան իրավասու մարմիններին: