Երևանի Ազատության պողոտայում քաղաքացիների և ոստիկանների միջև
հուլիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ
է պահանջել ՀՀ Ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից:
Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների
մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ Ազատության 12/2 շենքի
բնակիչներն իրենց բողոքն են արտահայտել իրենց բակում կառուցվող նոր շինության կապակցությամբ։
Վերջիններիս և ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում 4 անձ՝ վարչական
իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանության ծառայողի
օրինական պահանջը չկատարելը) հիմքով տեղափոխվել է Ոստիկանության բաժին:
Պաշտպանի հանձնարարությամբ նշված դեպքի առնչությամբ սկսվել է
ուսումնասիրության ընթացակարգ՝ քաղաքացիների բարձրացրած խնդիրների, այդ թվում՝ միջադեպի
մանրամասները և անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը պարզելու նպատակով:
Պարզվել է, որ Ոստիկանություն տեղափոխված 4 անձինք ազատ են արձակվել, նրանցից մեկը
ներկայացրել է նաև հանցագործության մասին հաղորդում՝ իր նկատմամբ Ոստիկանության ծառայողի
կողմից անհամաչափ ուժ կիրառելու և իրեն վնասվածքներ պատճառելու վերաբերյալ: Վերոնշյալի
կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմ ներկայացվել է նաև բողոք:
Շենքի կառուցման հետ կապված բնակիչների կողմից բարձրացված այլ
հարցերի առնչությամբ համապատասխան պարզաբանումներ կպահանջվեն նաև Երևանի քաղաքապետարանից: