Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած
աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 3-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության
և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։
Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում
առկա խնդիրները, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության
ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի,
խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, այս ոլորտում կրթության
համակարգի ամբողջական վերափոխման նպատակով լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Ստամբուլյան կոնվենցիայի կարևորությանը
և վերահաստատել կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարի
իրենց հանձնառությունը:
Պաշտպանն ընդգծել է նաև ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման, գենդերային հավասարության երաշխավորման
ոլորտում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը, անդրադարձել իր կողմից նշված
բնագավառներում կատարած աշխատանքներին, ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի 2023
թվականի տարեկան հաղորդման առանձնահատկությունը` նկատի ունենալով այն, որ վերջինիս
շրջանակներում իրավահավասարության և հակախտրականության հարցերը ներկակացված են նոր
մեթոդաբանությամբ և ժամանակակից միջազգային չափանիշները նկատի ունենալով։
Պաշտպանը կարևորել է նաև տարբեր կրոնական համոզմունքներ ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության կառուցակարգերը կատարելագործելու անհրաժեշտությունը։
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի
ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության
մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը: