Այսօր՝ մահացու հրազենային վիրավորումով պայմանագրային զինծառայողի
մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։
Դեպքի
հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու
պետական մարմիններին:
Պաշտպանն
ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ
մտահոգիչ։ Զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով պետությունը պարտավոր
է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ և բավարար
քայլեր, իսկ զինծառայողների մահվան պարագայում՝ իրականացնել դրանց հանգեցրած հանգամանքները
պարզելու նպատակով արդյունավետ քննություն։
Մարդու
իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ
է ցուցաբերել համակարգային մոտեցում՝ այդ առումով կարևորելով բանակում մահվան և ինքնավնասման
դեպքերը կանխարգելելու միասնական հայեցակարգի (ծրագիր, քայլերի հերթականություն և այլն)
մշակման և իրացման անհրաժեշտությունը:
Զինված
ուժերում մարդու իրավունքներին առնչվող ցանկացած հարց գտնվում է Մարդու իրավունքների
պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը հետևողական է ոլորտում առկա խնդիրների
հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը։ 2023 թվականի տարեկան
հաղորդմամբ ևս Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է զինծառայողների
իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին և ներկայացրել դրանց լուծմանն ուղղված մի շարք առաջարկներ։