Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ,
հունիսի 28-ից 29-ն Աղվերանում կազմակերպել էր Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան
նվիրված երկօրյա վերապատրաստման դասընթաց։
Դասընթացին մասնակցել են ներկայացուցիչներ Գլխավոր դատախազությունից,
Քննչական կոմիտեից, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի նախարարություններից, Քրեակատարողական ծառայությունից
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Բացման խոսքով է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների
և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Վերջինս կարևորել
է պետական մարմինների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և նշված ոլորոտում
նրանց շարունակական վերապատրաստումները, որոնք նպաստում են խոշտանգումների կանխարգելման
ոլորտում առկա խնդիրները վեր հանելուն և համատեղ ջանքերով լուծման ուղիներ գտնելուն։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները
և ըստ գերատեսչությունների` դրանց պատշաճ հասցեավորումը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Կանխարգելման ազգային մեխանիզմի
մանդատին և գործառույթներին, խոշտանգման հասկացությանը ներպետական իրավական համակարգում
և միջազգային փաստաթղթերում, խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային փաստաթղթերին,
ԽԿԿ (Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի
կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե) չափանիշներին, ոլորտի ՄԻԵԴ վճիռներին, ոչ
հոժարակամ բուժմանը, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի, զսպման և հարկադրանքի այլ
միջոցների կիրառմանը, ազատությունից զրկման վայրեր ընդունվելիս անձանց առաջնային բժշկական
զննությանը՝ որպես վատ վերաբերմունքի կանխարգելման կարևոր բաղադրիչ, հացադուլի դեպքերի
վարմանը և այլն։
Վերապատրասման
դասընթացը կազմակերպվել է ՄԱԶԾ աջակցությամբ` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության
կողմից ֆինանսավորվող «Դիմակայնություն բոլորի համար» ծրագրի շրջանակում։