Մարդու
իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 26-ին կազմակերպել
է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց՝ պետական
իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ողջունելով
հյուրերին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով
հանդիպումների անցկացումը, միջգերատեսչական միջոցառումների կազմակերպումը՝ խնդիրները
բարձրաձայնելու, դրանք համատեղ ուժերով քննարկելու և հետագայում դրանց լուծումներ գտնելու
տեսանկյունից։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է յուրաքանչյուրի հանձնառության
կարևորությունը` ջանքերը մեկտեղելու և ոլորտում առկա բոլոր խնդիրները հաղթահարելու
հարցում։
«Խոշտանգումների
և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի
օրահարց։ Չնայած պետության կողմից ձեռնարկված քայլերին` մենք պարբերաբար ստանում ենք
ահազանգեր բռնության, խոշտանգումների վերաբերյալ։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները,
խոշտանգումների զոհերին տրամադրվող աջակցությունը, այդ գործերով իրականացվող քննությունն
ամենօրյա աշխատանքի արդյունք պետք է լինի»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Ըստ նրա՝
ոլորտում առկա խնդիրները պետք է պատշաճ հասցեավորել և խոշտանգման գործերով իրականացնել
պատշաճ քննություն` հաշվի առնելով նշված գործերի քննության առանաձնահատկությունները։
Չափազանց կարևոր է, որ մեր պետությունն ունենա խոշտանգումների զոհերի աջակցման պատշաճ
կառուցակարգեր։
Բացման
խոսքով է հանդես եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման
ազգային մեխանիզմի իրականացման համակարգող,-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Վերջինս կարևորել է պետական մարմինների հետ ձևավորված
արդյունավետ համագործակցությունը և նշված ոլորոտում նրանց շարունակական վերապատրաստումները։
Աշխատաժողովի
ընթացքում ներկայացվել են Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը և գործառույթները,
Խոշտանգման հասկացությունը ներպետական իրավական համակարգում և միջազգային փաստաթղթերում,
Խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային փաստաթղթերը, ԽԿԿ (Խոշտանգումների և
անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման
եվրոպական կոմիտե) չափանիշները, ոլորտի ՄԻԵԴ վճիռները, ոչ հոժարակամ բուժումը, հատուկ
միջոցների և ֆիզիկական ուժի, զսպման և հարկադրանքի այլ միջոցների կիրառումը, ազատությունից
զրկման վայրեր ընդունվելիս անձանց առաջնային բժշկական զննությունը՝ որպես վատ վերաբերմունքի
կանխարգելման կարևոր բաղադրիչ և այլն։
Իրավասու
մարմինների ներկայացուցիչները քննարկման ընթացքում բարձրաձայնել են առավել հաճախ հանդիպող
խնդիրները, քննարկվել են լուծման ուղիները։
Վերապատրասման
դասընթացը կազմակերպվել է ՄԱԶԾ աջակցությամբ` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության
կողմից ֆինանսավորվող «Դիմակայնություն բոլորի համար» ծրագրի շրջանակում։