Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 21-ին բացման խոսքով է հանդես եկել
«Մարդու իրավունքները զինված ուժերում» ՀԵԼՓ դասընթացի հայկական տարբերակի մեկնարկի
միջոցառմանը։
Պաշտպանը
կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում
շարունակում են իրականացվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր մի
շարք ծրագրեր։
«Շատ եմ
կարևորում, որ այս թեմայով դասընթացը մեկնարկել է հենց ՀԵԼՓ հեռավար հարթակում։ Այն
մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացներ առաջարկող լավագույն հարթակներից է և ուրախալի
է, որ հիշյալ թեմայով դասընթացըն այժմ հասանելի է հայերենով։ Զինված ուժերում մարդու
իրավունքների երաշխավորումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի ամենօրյա գաղափար, նպատակակետ,
և բոլորս պետք է համախմբված լինենք այս գաղափարի շուրջ։ Մեկ անգամ ևս ընդգծում եմ,
որ զինված ուժերը պետք է կառուցված լինեն իրավունքահեն գաղափարների վրա։ Մենք բոլորս
պետք է մեր ուժերը կենտրոնացնենք հենց այս գաղափարի շուրջ»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Այս համատեքստում
Պաշտպանը շեշտել է կրթության կարևորությունը, քանի որ ոլորտում առկա շատ խնդիրներ հենց
այդ համակարգում առկա թերությունների հետևանք են։
Բացման
խոսքով հանդես են եկել նաև ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր
տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության
ղեկավար Տիգրան Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։
Ներկայացվել
են ՀԵԼՓ դասընթացի վերջին զարգացումները, «Մարդու իրավունքները զինված ուժերում» ՀԵԼՓ
դասընթացի հայկական տարբերակի մշակումը, տեղայնացումը և այլն։ Միջոցառման ընթացքում
գրանցվել է վերապատրաստվողների առաջին 25 հոգանոց խումբը, ներառյալ՝ Մարդու իրավունքների
պաշտպանի կողմից առաջադրված 5 ներկայացուցիչ։
Դասընթացն
իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված
ուժերում» ծրագրի շրջանակներում։