Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի
ներկայացուցիչները հունիսի 18-ին չհայտարարված մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի
և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ:
Նպատակն
էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի
խնդիրներին:
Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրեն Արթուր Մելքոնյանի ուղեկցությամբ
շրջայց է իրականացրել տարածքով, ծանոթացել շահառուների կենցաղային և սանիտարահիգիենիկ
պայմաններին, նրանց տրամադրվող սննդին, բժշկական օգնության կազմակերպմանը և այլն։
Անձնազրույցներ են տեղի ունեցել հաստատությունում խնամք ստացող
անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ներկայում հաստատությունում
բնակվող անձանց հետ: Պաշտպանը ծանոթացել է նաև ՊՈԱԿ-ի անձնակազմի աշխատանքային պայմաններին։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ խնամքի կենտրոնների շահառուների
իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր ուղղություններից է։ Խնդիրները
գտնվում են անձամբ իր ուշադրության ներքո։
Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրները կհասցեագրվեն
իրավասու մարմիններին։ Չհայտարարված այցերը կրում են շարունակական բնույթ։