Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի
գործունեության կարևոր ուղղություններից է ազատությունից զրկված անձանց իրավունքների
պաշտպանությունը:
Հենց այս գործունեության շրջանակում ամբողջ տարվա ընթացքում
Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկման այցեր Ոստիկանության բաժիններ,
Ձերբակալված անձանց պահման վայրեր (ՁՊՎ) և մի շարք այլ փակ հաստատություններ։ Պարբերաբար
վեր են հանվել խնդիրներ և դրանց լուծման առաջարկները ներկայացվել են պետական իրավասու
մարմիններին, ինչպես նաև ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի` Կանխարգելման ազգային
մեխանիզմի տարեկան զեկույցում։ Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն, ի թիվս
այլնի, ՁՊՎ-ներում արձանագրել է խնդիրներ` կապված ինքնավնասումների, ինքնասպանությունների
դեպքերի կանխարգելման հետ։ Մասնավորպես, մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՁՊՎ-ներում
առկա չէ ինքնասպանությունների կամ ինքնավնասումների ռիսկերի գնահատման որևէ մեխանիզմ։
Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ անհրաժեշտ է․
• սահմանել ազատությունից զրկված անձի՝ ՁՊՎ մուտք գործելիս ինքնասպանության
կամ ինքնավնասման ռիսկերի գնահատման համապատասխան կառուցակարգեր,
• ՁՊՎ-ի ծառայողների համար իրականացնել վերապատրաստումներ ինքնասպանությունների
կամ ինքնավնասումների դեպքերին պատշաճ արձագանքելու, այդ թվում՝ դրանց կանխարգելմանն
ուղղված անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ,
• ՁՊՎ-ի ծառայողների համար կազմակերպել առաջին բուժօգնություն
տրամադրելու կարողությունների զարգացման վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ:
Նշենք, որ մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրության առարկա
են դարձել ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, վարվող հաշվառման
մատյանները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, սանիտարահիգիենիկ ու պահման պայմանները, հակահրդեհային
համակարգերը, ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանները և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված
խնդիրների լուծման հարցում։