Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հեռախոսազրույց
է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում
վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Հաշվի առնելով հարցի
էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։
Հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող
բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։ ՄԻՊ
աշխատակազմը պարբերաբար տեղեկատվություն է ստանում վնասվածք ստացած անձանց, այդ թվում՝
Եսայի Քարամյանի առողջական վիճակի մասին:
Ոստիկանության կողմից հատուկ միջոցների (լուսաձայնային նռնակների)
կիրառման իրավաչափության հարցը Պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնված քննարկման ընթացակարգի
շրջանակում ուսումնասիրվում է ՄԻՊ աշխատակազմում։ Ուսումնասիրության արդյունքներով
Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ։