Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին
ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի
բյուրոյի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Քրիստոֆեր Ջ. Անդերսոնին։ Հանդիպմանը
մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սքոթ
Մուռը և քաղաքական հարցերով մասնագետ Իրինա Մկրտչյանը։
Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու
իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային
առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր
երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձել
ատելության խոսքի, խտրականության և անհանդուրժողականության դրսևորումներին։
Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձանց իրավունքների պաշտպանությանը, անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի
կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել
է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում. աշխատակազմի հետ
այցելել է Գորիս, Կոռնիձոր և Վայք` աշխատանքներն իրականացնելով նաև գիշերային ժամերին։
Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների
պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով
Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային
կազմակերպություններին և դերակատարներին։
Հանդիպման շրջանակներում Պաշտպանը ներկայացրել է նաև Լոռու մարզի
աղետի գոտում իրականացրած փաստահավաք աշխատանքների մանրամասները, նշել, որ աշխատակազմի
ներկայացուցիչների հետ այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ
ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների:
Ի թիվս այլնի, քննարկվել են հավաքների ազատության իրավունքի, խոշտանգումների
և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված գործերի քննության համատեքստում առկա խնդիրները։
Իր հերթին Քրիստոֆեր Ջ. Անդերսոնը շնորհակալություն է հայտնել
Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։