Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է
Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, բողոքի ակցիայի մասնակիցների
և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը և հորդորում իրավասու մարմինների ներկայացուցիչներին
և հավաքի մասնակիցներին խստորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչպես
նաև զերծ մնալ հավաքի խաղաղ բնույթը ձևախեղող
ցանկացած գործողությունից:
Անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից
անհամաչափ ուժի գործադրումը։ Պաշտպանը կրկին հիշեցնում է, որ ուժի կիրառումը հնարավոր
է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի
չափանիշների պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները,
իրենց հերթին, կրում են հավաքի խաղաղ ընթացքը ապահովելու պարտականություն, և պետք է
ցուցաբերեն զսպվածություն ու պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Ստեղծված իրավիճակում Պաշտպանն ընդգծում է ԶԼՄ ներկայացուցիչների
անխոչընդոտ մասնագիտական գործունեության իրականացման կարևորությունը: Mediahub.am լրատվական
կայքի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Պաշտպանի մանդատի շրջանակներում
ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100: