Հունիսի 11-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել
առ այն, որ հարձակում է տեղի ունեցել Երևանի միակ սինագոգի վրա. անհայտ անձը քարով
հարվածել է հրեական կրոնական կենտրոնի պատուհանին ու կոտրել այն։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում
է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։
Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության
շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը
կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության
կամ թշնամանքի շարժառիթով։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց իրավունքների, այդ թվում՝ կրոնական, լեզվական, մշակութային իրավունքների
պաշտպանությունը և անվտանգությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինեն: