Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները
հունիսի 7-ին այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել
այնտեղ բուժում ստացող զինծառայողներին:
Ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման
հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող
զինծառայողների հետ: Հարկ ենք համարում ընդգծել, որ որոշ զինծառայողներ և նրանց ընտանիքների
անդամներ անհատական բողոքների շրջանակում դիմել էին Պաշտպանին:
Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման ընթացքի
ու մեթոդների հետ կապված հարցերը:
Զինծառայողներին պարզաբանվել են իրենց իրավունքների իրացման
հնարավորությունները, այդ թվում՝ առողջական վիճակի հետազոտման, բժշկական փորձաքննության
ընթացքին ծանոթանալու և դրանց արդյունքներով տրված եզրակացություններ ու այլ փաստաթղթերը
ստանալու, ինչպես նաև բարձրացված այլ հարցերի հետ կապված:
Զինծառայողները ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման
ընթացքը, ծառայողական առօրյան:
Զինծառայողների առողջական վիճակի և պատշաճ բուժօգնության հետ
կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո,
զինվորական հոսպիտալներ այցերը կրում են շարունակական բնույթ: