Մարդու
իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ընդունելու իրենց իրավունքների
պաշտպանության հարցեր բարձրացնող քաղաքացիներին, այդ թվում՝ տարբեր քաղաքական գործընթացների
մասնակիցներին:
Պաշտպանը
մշտապես պատրաստակամ է ընդունելու անձանց, այդ թվում՝ քաղաքական գործընթացների մասնակիցների,
և քննարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի ցանկացած
հարց, Պաշտպանի լիազորությունների շրջանակում ձեռնարկելու դրանց լուծման համար անհրաժեշտ
միջոցներ՝ ՄԻՊ հաստատություններին բնորոշ մեթոդաբանության և սկզբունքների պահպանմամբ։
Անդրադառնալով
այսօր՝ հունիսի 4-ին, ՄԻՊ հաստատության առջև տեղի ունեցած հավաքի ընթացքում բարձրացված
հարցերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.️
Իրականությանը
չի համապատասխանում այն պնդումը, որ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս բացառապես
արագ արձագանքման այցեր իրականացնելու առնչությամբ հրապարակային հաղորդագրություններով։
Բազմաթիվ
են այս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հայտարարությունները հավաքների
ազատության իրավունքի իրացման ընթացքում իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ։
Հատկապես
անհասկանալի են կոնկրետ դեպքերին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից չանդրադառնալու
վերաբերյալ այն պնդումները, որոնք վերաբերում են այնպիսի դեպքերի, երբ Պաշտպանը հանդես
է եկել անձանց անունների և դեպքերի արձանագրմամբ հրապարակային հայտարարություններով։
Օրինակ՝
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ։
Այդ համատեքստում Պաշտպանը, մասնավորապես, նշել է. «Իրականացված մշտադիտարկման արդյունքում
արձանագրվել է դեպք, երբ Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ ֆիզիկական ուժի
գործադրմամբ բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր։ Ավելի ուշ, ըստ Ոստիկանությունից
ստացված պարզաբանման՝ պատգամավորը ոստիկանական ավտոմեքենայից ազատ է արձակվել։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն
օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջինս ազատությունից կարող է զրկվել
օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Այս խնդրին Պաշտպանն անդրադարձել է
բազմիցս, և նշված պրակտիկայի առկայությունը մտահոգիչ է համարում։
Պաշտպանն
ընդգծում է, որ անհրաժեշտ է ներդնել լուրջ գործիքակազմ վերոհիշյալ պրակտիկայի բացառումը
երաշխավորելու ուղղությամբ։
Պաշտպանը
խիստ անթույլատրելի է համարում նաև որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից
անձին բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված` անհամաչափ ուժի կիրառումը։
Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ
իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։
Ավելին,
արձանագրվել են դեպքեր, երբ անձի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է այն պայմաններում,
երբ վերջինս արդեն իսկ գտնվել է ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։ Պաշտպանը
նշված գործելաոճը անթույլատրելի է համարում։
Մարդու
իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում արձանագրվել
է, որ բազմաթիվ են առանց օրինական պահանջ ներկայացնելու, առանց քաղաքացիներին բերման
ենթարկելու պատճառների և հիմքերի պարզաբանման, առանց անձանց` իրենց նվազագույն իրավունքների
մասին տեղեկացնելու բերման ենթարկելու դեպքերը։
Արձանագրվել
են նաև դեպքեր, երբ անկախ անձի նկատմամբ վարչական վարույթի շրջանակում իրականացվող
գործողությունների ավարտից՝ անձինք շարունակել են պահվել Ոստիկանության բաժիններում
մինչև լրանա օրենքով սահմանված 3 ժամը։
Այս առումով
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերոնշյալ 3 ժամն այն առավելագույն ժամկետն է, որում
Ոստիկանությունը կարող է անձին վարչական ձերբակալման շրջանակում ազատությունից զրկել։
Միաժամանակ, մինչև այդ ժամկետի լրանալն անձի մասնակցությամբ վարութային գործողությունների
ավարտից հետո անձը պետք է անմիջապես ազատ արձակվի` անկախ վերջինիս` փաստացի արգելանքի
վերցնելու պահից 3 ժամը լրանալու հանգամանքից»:
Նշված
դեպքերը քննության առարկա դարձնելու և պատշաճ իրավական գնահատական տալու նպատակով Մարդու
իրավունքների պաշտպանը նաև համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ ներքին գործերի
նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն։
Պաշտպանն
իր հայտարարություններից մեկում անդրադարձել է նաև պատգամավոր Արթուր Խաչատրյանին վերաբերող
դեպքին՝ համանման հրապարակային հայտարարություն տարածելով։
Միևնույն
ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ ընդգծել է, որ «հավաքի խաղաղ ընթացքի
երաշխավորումը ենթադրում է նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից օրենսդրությամբ
սահմանված պահանջների պահպանում։
Դա վերաբերում
է, այդ թվում՝ հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի
դրսևորումներից զերծ մնալուն, որպիսի դրսևորումները ևս ակնհայտ են և խնդրահարույց»։
Հավաքների
ընթացքում բազմաթիվ են անձանց տարբեր խմբերի նկատմամբ բոլոր հիմքերով խտրական խոսույթ
և ատելության խոսք տարածելու դեպքերը, ինչը Պաշտպանը մտահոգիչ և անթույլատրելի է համարում՝
ընդգծելով, որ հանրային գործիչները պետք է ոչ միայն զերծ մնան նման խոսույթ տարածելուց,
այլ հակազդեն այդպիսի խոսքին։
Պաշտպանը
հայտարարություններ է տարածել նաև լրագրողների մասնագիտական գործունեությանը առերևույթ
խոչընդոտելու դեպքերի առնչությամբ՝ կարևորելով լրագրողների անխոչընդոտ մասնագիտական
գործունեության երաշխավորումը։ Բոլոր դեպքերը հասցեագրվել են իրավասու պետական մարմիններին։
Պաշտպանը
կարևորում է լրագրողների դերակատարությունը ժողովրդավարական հասարակությունում, այսօր
լրագրողների հետ ունեցել է ճեպազրույց, իսկ նախորդ տարվա ութ ամսիների ընթացքում՝ շուրջ
40 հարցազրույց։
Մարդու
իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում մի շարք խնդիրներ լուծվել են, օրինակ՝
Ոստիկանության բաժիններում փաստաբանների մուտքի, անձանց պատշաճ իրավաբանական օգնություն
ստանալու իրավունքի ապահովման, զանգի իրավունքի, բժշկական օգնություն տրամադրելու,
բողոքի ակցիայի մասնակից անձանց տրանսպորտային միջոցները հատուկ պահպանվող տարածքից
տեղափոխելու և այլն։
Բազմաթիվ
են վերը նշված բոլոր դեպքերին առնչվող Պաշտպանի հրապարակային հայտարարությունները։
Դրանց մի մասին կարելի է ծանոթանալ, օրինակ՝ հետևյալ հղումներով՝
https://ombuds.am/am/site/ViewNews/2989,
https://www.ombuds.am/am/site/ViewNews/2943,
https://ombuds.am/am/site/ViewNews/2996,
https://ombuds.am/am/site/ViewNews/2965,
https://ombuds.am/am/site/ViewNews/2959,
https://ombuds.am/am/site/ViewNews/2950,
https://ombuds.am/am/site/ViewNews/2946։
Ինչ վերաբերում
է սահմանամերձ բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, ապա հարկ
է նկատել, որ Պաշտպանն անձամբ է այցելում սահմանամերձ բնակավայրեր, արձանագրում խնդիրները,
դրանք ներկայացնում անգլերեն թարգմանվող հրապարակային զեկույցների շրջանակներում։ Ավելին,
այդ զեկույցներին՝ սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների
մասով, հղում է կատարել նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար տիկին
Դունյա Միյատովիչը։ Ապրիլի 13-ին Անահիտ Մանասյանը
փաստահավաք աշխատանքներ է իրականացրել նաև Տավուշի մարզում: Քաղաքացիների կողմից բարձրացված,
ինչպես նաև արձանագրված բոլոր հարցերը, մասնավորապես՝ սեփականության իրավունքի, կրթության իրավունքի,
անվտանգային երաշխիքների և այլ իրավունքների վերաբերյալ, անմիջապես քննարկվել են պետական
իրավասու մարմինների հետ ինչպես բանավոր, այնպես էլ՝ գրավոր ընթացակարգով:
Առանձնահատուկ ուշադրության է արժանացել
երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցը, այդ թվում՝ դպրոցներին առնչվող
և մի շարք այլ խնդիրների համատեքստում։ Հաշվի առնելով խնդրի զգայունությունը և կարևորությունը՝
Պաշտպանը շարունակում է վերը նշված հարցերին առնչվող քննարկումները։ Ավելին, երեխաների
իրավունքների տեսանկյունից Պաշտպանը կարևորել է ինչպես պետական իրավասու մարմինների,
այնպես էլ հավաքի կազմակերպիչների, մասնակիցների, զանգվածային լրատվության միջոցների
և այլ դերակատարների կողմից հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի երաշխավորումը,
որտեղ առանցքային կդիտարկվի երեխայի «լավագույն շահը»։
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում
Մարդու իրավունքների պաշտպանը պարտադիր այցեր է իրականացնում մարզային բնակավայրեր,
անձամբ հանդիպում քաղաքացիներին, հավաքագրում խնդիրները, առաջարկում դրանց համար լուծումներ։
Տավուշ այցի վերաբերյալ հաղորդագրությանը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում փաստահավաք
աշխատանքներին առնչվող զեկույցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
https://www.ombuds.am/am/site/ViewNews/2913,
https://www.ombuds.am/.../4e73af39ae6617df7437605f57eb01c...,
https://www.ombuds.am/.../76adf8c4ef52d036fab368d87e0bea5...,
https://www.ombuds.am/.../e12940a4c1afee3703896176aa53825...
:
Օրերս
Պաշտպանն այցելել էր Լոռու մարզի աղետի գոտի, հանդիպել քաղաքացիների հետ, հավաքագրել
խնդիրները։ Մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր ներկայացվել են հրապարակային
հաղորդագրության տեքստում, արդեն իսկ քննարկվել պետական իրավասու մարմինների և միջազգային
գործընկերների հետ, մշակվում են դրանց համար լուծումներ։ Պաշտպանն ընդգծում է, որ ահռելի
է աղետի ծավալը և կարևոր է համարում դրան առնչվող պատշաճ լուսաբանումը։