Լրատվամիջոցների
և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն,
որ ԱԳՆ շենքի մոտ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է տեղի ունեցածը և հորդորում թե՛ իրավապահ մարմինների
ներկայացուցիչներին, թե՛ հավաքի մասնակիցներին զերծ մնալ իրավիճակի սրման ցանկացած
փորձից:
Պաշտպանը
հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողների
կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված
հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ Միևնույն
ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, կրում են հավաքի խաղաղ
ընթացքը ապահովելու պարտականություն, և պետք է ցուցաբերեն զսպվածություն ու պահպանեն
օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Մարդու
իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի
կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա
իրավական չափանիշները։
Պաշտպանի
թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100: