Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին
այցելել է «Լուսէ» վերականգնողական կենտրոն հիմնադրամ, որը սոցիալ-վերականգնողական
ծառայություններ է մատուցում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին:
Պաշտպանը վերականգնողական կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանի հետ
շրջել է կենտրոնում, ծանոթացել անձնակազմի հետ, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին,
ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։
Անահիտ Մանասյանը զրուցել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների
ու նրանց ծնողների հետ, ընդգծել հասարակությունում առկա կարծրատիպերը փոխելու կարևորությունը՝
ներառական և համերաշխ միջավայր ապահովելու տեսանկյունից:
«Չափազանց կարևոր է յուրաքանչյուրի` հավասար հիմունքներով հասարակական
կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը: Այս տեսանկյունից շատ
կարևոր է, որ պետությունը գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու հաշմանդամություն
ունեցող մարդկանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը։
Մեր հանրային ընկալման մեջ պետք է դադարենք երկրորդական դիտարկել նշված խնդիրները»,-
ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը «Լուսէ վերականգնողական կենտրոն»-ին է փոխանցել
նաև խորհրդանշական նվերներ, երեխաների համար նախատեսված խաղեր։
Պաշտպանը բարձր է գնահատել կատարվող աշխատանքները՝ պատրաստակամություն
հայտնելով իր իրավասության շրջանակում աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների
իրավունքների պաշտպանությանը։