Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է: Անահիտ Մանասյանը մայիսի 24-ին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ
Ղուկասյանի հետ, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա օրակարգային
տարբեր խնդիրներ, մասնավորապես` սահմանային բնակավայրերում մարդկանց անվտանգային մի
շարք հարցեր` կապված սեփականության իրավունքի, կրթության, ինչպես նաև այլ հիմնարար
իրավունքների հետ:
Համատեղ քննարկվել են նաև քաղաքացիների կողմից բարձրացված անհատական
բողոքները:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ պետության
անվտանգության երաշխավորման հետ մեկտեղ պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների
նկատմամբ հարգանքի երաշխավորումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկզբունքը։
Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը
մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:
Այնուհետև, Անահիտ Մանասյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ԱԺ
պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ այցելել է Սյունիքի մարզի «Սյունիքի» և «Աճանանի»
միջնակարգ դպրոցներ` մասնակցելու Վերջին զանգի արարողությանը: Շնորհավորելով շրջանավարտներին՝
Պաշտպանն իր ելույթում մաղթել է նրանց երբեք չընկճվել, անընդհատ կրթվել, սիրով վերաբերվել իրենց շրջապատող միջավայրին:
«Կյանքում բազմաթիվ մարտահրավերների կարող եք բախվել, երբե՜ք
չընկճվեք, ընկալեք դրանք որպես հնարավորություն և ձեզ շրջապատող միջավայրին վերաբերվեք
սիրով: Հիշեք նաև, որ գիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել։ Վստահ
եղեք` այս ամենի գիտակցումը ձեզ համար հաջողության նոր դռներ կբացի: Ես սա ասում եմ
նաև իմ օրինակով: Թերևս սա է իմ մաղթանքը ձեզ: Ուզում եմ նաև իմ հանձնառությունը հայտնել
իմ մանդատի շրջանակում ցանկացած հարցում ձեզ աջակից լինելու»,- Անահիտ Մանասյան:
Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև 2 դպրոցների տնօրինության և
ուսուցչական անձնակազմի հետ, շրջայց կատարել դպրոցներում, քննարկել երեխաների իրավունքների
պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր:
Պաշտպանը շրջանավարտներին է հանձնել նաև խորհրդանշական հուշանվերներ: