Անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել
կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
«Ժամանակն է գործելու. կանանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքում» խորագրով
ամփոփիչ համաժողովի շրջանակներում մայիսի 23-ին մասնակցել է պանելային քննարկման:
Մասնակցել են պետական տարբեր գերատեսչություններում ղեկավար
պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանում կանանց առաջնորդության,
հասարակական և քաղաքական կյանքում նրանց մասնակցության հետ: Մասնակիցները կիսվել են
իրենց անձնական փորձով, հաջողության հասնելու գաղափարներով և ռազմավարություններով:
Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը
ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու
ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար՝ կարևորելով տարբեր
ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը:
«Կարծում եմ` յուրաքանչյուրս ունի հաջողության իր բանաձևը։ Իմ
հաջողության բանաձևը երկու հիմնական գաղափարների համադրության մեջ է՝ սեր և ներդաշնակություն։
Սիրո միջոցով է հնարավոր թե՛ անձնական և թե՛ աշխատանքային միջավայրում գտնել ներդաշնակություն։
Անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ
պատշաճ ընկալում, ինչպես նաև խթանել հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժը»,-
ասել է Պաշտպանը։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ յուրաքանչյուրն
իր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների
ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը՝ ոչ միայն բացառելով թիրախավորում ու խտրականություն
ենթադրող որևէ վարքագիծ, այլ նաև հակազդելով նման ցանկացած դրսևորմանը:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման
շրջանակներում ցուցադրվել է նաև «Ժամանակն է գործելու» գնահատողական ֆիլմը, ինչպես
նաև անցկացվել է թեմատիկ ցուցահանդես: