Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի
արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։
Անահիտ
Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների
շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության
ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների,
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի
շրջանակներում մարդու իրավունքների, քաղաքացիական, սոցիալ֊տնտեսական իրավունքների,
ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի ոլորտները։
Այս համատեքստում Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի
տարեկան հաղորդումը, որտեղ լուծման առաջարկների հետ մեկտեղ մանրամասն վերլուծված են
մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։
Քննարկման
ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների
պաշտպանությանը, իրականացված փաստահավաք աշխատանքներին ու առանձնազրույցներին, որոնց
արդյունքում հավաքագրված տեղեկատվությունն ամփոփվել է Մարդու իրավունքների պաշտպանի
արտահերթ զեկույցում։
Հանդիպման
ավարտին դեսպան Անդրիուս Պուլոկասին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար
և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության
իրականացման գործում։