Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին
ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին։
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու
իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության
ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում առկա մարտահրավերները։
Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձանց իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` հանրակրթական ուսումնական հաստատություններում
երեխաների կրթության իրավունքի ապահովմանը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել
է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է փաստահավաք աշխատանքներում, որոնց արդյունքներն
ամփոփված են արտահերթ զեկույցում։
Պաշտպանն ընդգծել է նաև կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների,
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների
պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության
դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների կարևորությունը, որոնք
միտված են մարդու իրավունքների պաշտպանության ամուր և արդյունավետ համակարգ ձևավորելուն։
Իր հերթին Մոնա Լառուսին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին
ընդունելության և արդյունավետ քննարկման համար։