Ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված
և խթանված լինեն Հայաստանում. մի շարք ուսանողներ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանի գլխավորությամբ մայիսի 19-ին այցելել են Արմավիրի մարզի Ակնալճի եզդիների
հոգևոր կենտրոն:
Այցին մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանում
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, եզդիական համայնքի և
Պաշտպանի ներկայացուցիչները:
Հոգևոր կենտրոնի տարածքով իրականացված շրջայցի ընթացքում Ռուստամ
Բաքոյանն ուսանողներին ներկայացրել է եզդի ժողովրդի և տաճարի կառուցման պատմությունը:
Անահիտ Մանասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է ազգային
փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և խթանմանը վերաբերելի խնդիրները
համատեղ ջանքերով լուծելու կարևորությունը։
«Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ աշխատանքի կարևոր ուղղություններից
է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։
Նրանց իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում: Ազգային
փոքրամասնությանը պատկանելությունը՝ որպես խտրականության հիմք, պետք է ընդհանրապես
բացառել մեր հասարակությունից»,-նշել է Պաշտպանը:
Ուսանողները հնարավորություն են ունեցել նաև հարցեր ուղղել Պաշտպանին,
մասնավորապես՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության
և խթանման առնչությամբ:
Անահիտ Մանասյանը, կարևորելով նման ուսուցողական հանդիպումների
կազմակերպումը, վստահեցրել է, որ վերջիններս կրելու են շարունակական բնույթ: