ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի
17-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ
գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում
է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում
Պաշտպանն ընդգծել է ԵԽ ծրագրերի դերակատարությունը
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձել ատելության խոսքի և անհանդուրժողականության
դրսևորումներին, ինչպես նաև վերջին շրջանում լրագրողների մասնագիտական գործունեության
առերևույթ խոչընդոտման դեպքերին։
Անահիտ Մանասյանը շեշտել է, որ նշված հարցերն իր աշխատանքի առաջնային
ուղղություններից են և գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում։ Անդրադարձ
է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդմանը, որտեղ
մանրամասն վերլուծված են դրանցից յուրաքանչյուրը։
Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին բարձր է գնահատել Մարդու իրավունքների
պաշտպանի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը միտված է Հայաստանում
մարդու իրավունքների պաշտպանության ավելի ամուր համակարգ ունենալուն։
Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են փոխգործակցությունն ընդլայնելու
ուղղությունները։