Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 13-ին
ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի
ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանին և ծրագրի ավագ ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի
գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների,
հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց
իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի,
խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության
պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից
բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը։
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Մարդու
իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության
վիճակի մասին 2023 թվականի տարեկան հաղորդմամբ և Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես
կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցով
ամրագրված մարդու իրավունքներին վերաբերելի տարբեր խնդիրները և դրանց հաղթահարման առնչությամբ
ներկայացված առաջարկները։
Պաշտպանը բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցությունը՝
առկա խնդիրները վերհանելու և լուծման ուղիներ նախանշելու տեսանկյունից։
Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն
են հայտնել: