Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում
տեղեկություն է ստացվել այն մասին, որ մայիսի 13-ին Երևան քաղաքում տեղի ունեցած բողոքի
ակցիաների ընթացքում առերևույթ խոչընդոտվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների
մասնագիտական գործունեությունը:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ
կապ է հաստատվել 24News.am լրատվական կայքի
լրագրող Մերի Մանուկյանի հետ՝ տեղի ունեցած
միջադեպի առնչությամբ տեղեկություններ ստանալու նպատակով:
Արձանագրված միջադեպերի կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն
իրավասու մարմիններից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության
կենտրոնում:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ լրագրողների և
լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային
կարևորություն։
Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով
պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի
են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք,
որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին: