ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Մարդու
իրավունքների պաշտպանի, Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի համապատասխան
ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային
քննարկում՝ Պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ արձանագրված խնդիրների և դրանց լուծման
առաջարկների վերաբերյալ:
Քննարկման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց
ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը առանձին
անդրադարձ է կատարել զինվորական հաշվառման և զորակոչի, զինվորական ծառայության բուն
ընթացքի և պահեստազորային ծառայության շրջանակներում անձանց իրավունքների պաշտպանության
հարցերին, ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր եղանակներին: Երկուստեք
փոխանակվել են մտքեր Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված առանձին առաջարկների
իրացման կառուցակարգերի վերաբերյալ՝ այս համատեքստում կարևորելով նաև իրավասու այլ
մարմինների հետ համատեղ աշխատանքը:
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Պաշտպանության
նախարարության հանձնառությունը` լուծելու ոլորտում առկա` մարդու իրավունքների հետ կապված
խնդիրները, և կարևորում է ՊՆ և ԳՇ մի շարք ստորաբաժանումների, այդ թվում՝ Մարդու իրավունքների
և բարեվարքության կենտրոնի, Բարոյահոգեբանական ապահովման վարչության, Իրավաբանական
վարչության, Ռազմաբժշկական վարչության, զինկոմիսարիատների հետ ձևավորված արդյունավետ
համագործակցությունը, որի արդյունքում լուծվում, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում լուծելու
նաև համակարգային բնույթի խնդիրներ: