Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում
մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության. Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի
միջնակարգ դպրոց:
Դպրոցականների հետ հանդիպումն ու զրույցն անցկացվել են Պաշտպանի
նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում:
Ներկա են եղել հաստատության սաները, ուսուցչական կազմը, մարզպետարանի և ՄԻՊ ներկայացուցիչները:
Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը,
շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու`
որպես բարձրագույն արժեքի երաշխավորման կարևորությունը։
Զրույցի ընթացքում աշակերտները խոսել են իրենց հետաքրքրող տարբեր
հարցերի մասին։
«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ
արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել միայն
կրթության միջոցով։ Այդ առումով յուրաքանչյուրս պետք է դրսևորի մոդելային վարքագիծ։
Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով։ Մարդու իրավունքների
երաշխավորման համակարգի իրական պատկերն արտահայտվում է իրավունքներին առնչվող բոլոր
խնդիրները միասնական չափանիշներով հաղթահարելու
և բոլոր, այդ թվում` խոցելի խմբերի իրավունքների երաշխավորման իրական գործիքակազմեր
գործադրելու առկայության պարագայում։ Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն
են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության»,
- նշել է Պաշտպանը:
Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ կրթության
ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը, առանց որի
չի կարող գոյություն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ:
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը դպրոցականներին
հանձնել է հուշանվերներ, պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց նախաձեռնություններին։