Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային
ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել
է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված
անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում
գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ:
Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել
նաև հավաքին մասնակցող երեխաներ:
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ինչպես երեխաների
մասնակցությամբ համանման դեպքերի առկայությունը, այնպես էլ հավաքներին երեխաների մասնակցության
այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների` հավաքներին
ազատորեն մասնակցելու իրավունքի իրացման ընթացքում պետական իրավասու մարմինների, հավաքների
կազմակերպիչների, հավաքների մասնակիցների, զանգվածային լրատվության միջոցների և այլ
դերակատարների կողմից երեխայի իրավունքների, այդ թվում` ցանկացած տեսակի բռնությունից
զերծ լինելու, կրթության և այլ իրավունքների ապահովումը, ինչպես նաև երեխայի լավագույն
շահը առանցքային դիտարկելու անհրաժեշտությունը:
Հավելենք, որ ՄԻՊ աշխատակազմը, այդ թվում՝ Տավուշի մարզային
ստորաբաժանումը, աշխատում է արտակարգ ռեժիմով:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100: