Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ
է ունեցել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և NewsMedia.am կայքի ղեկավար,
լրագրող Գայանե Զարգարյանի հետ՝ քննարկելու նրանց մասնագիտական գործունեությանն առնչվող
մի շարք հարցեր։
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ
պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները՝ կապված սոցիալական հարթակներում
իրենց նկատմամբ հնչող բռնության կոչերի, ատելության խոսքի, պաշտոնատար անձանց կողմից
լրագրողների նկատմամբ վերաբերմունքի հետ։
Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ նշված բոլոր դեպքերն աշխատակազմում
մանրամասն ուսումնասիրվում են, գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ պետությունը պետք է
մշակի և գործարկի այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն բնականոն լրատվական գործունեության
համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ լրագրողների և լրատվամիջոցների
մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։
«Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով
պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները
պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի
մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին»,- նշել է Անահիտ Մանասյանը:
Ընդ որում՝ նշված կառուցակարգերը պետք է ուղղված լինեն ինչպես
լրագրողների գործունեությանը չխոչընդոտելուն, այնպես էլ նման խոչընդոտները կանխարգելելուն,
դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելուն։ Այս առումով մեր պետությունում
առկա են տարատեսակ խնդիրներ։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ լրագրողների մասնագիտական գործունեության
վերաբերյալ մի շարք խնդիրներ տեղ են գտել նաև Պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում,
և որ Պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում։