Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված հարցումներին՝
հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի
գործով դեռևս 2024 թվականի հունվարի 19-ին Պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգի հիման
վրա նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ
են հասցեագրվել Առողջապահության նախարարություն և Գլխավոր դատախազություն։
Հունվարի 26-ին Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել
«Էրեբունի» բժշկական կենտրոն, առանձնազրույց ունեցել Մարիետա Խաչատրյանի հետ։ Այնուհետև,
ևս 2 այց է իրականացվել է «Աբովյան» ՔԿՀ՝ փետրվարի 29-ին և մարտի 5-ին՝ Մարիետա Խաչատրյանին
տեսակցելու նպատակով։ Կատարված այցերի արդյունքում բանավոր քննարկումներ են տեղի ունեցել
Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և Առողջապահության նախարարության իրավասու պաշտոնյայի
հետ, որից հետո Մարիետա Խաչատրյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նույն
օրը, վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու պահանջով, գրություն
է հասցեագրվել Առողջապահության նախարարություն։
Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները
նշված հարցով մշտական կապի մեջ են ինչպես Մարիետա Խաչատրյանի մոր, այնպես էլ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, «Քրեակատարողական
բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և պատասխանատու մյուս գերատեսչությունների իրավասու ներկայացուցիչների
հետ։
Նշենք նաև, որ Մարիետա Խաչատրյանի վերաբերյալ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմում ստացվել են դիմումներ
դեռևս 2023 թվականից, որոնց վերաբերյալ շարունակվում է քննարկման ընթացակարգը: