Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 15-ին ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի
մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է պաշտպանի գործունեության ուղղությունները՝
ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող
անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության,
ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում
և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել
է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց
հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն
ունի իրավահավասարության երաշխավորումը։
Անահիտ
Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների
պաշտպանությանն առնչվող հարցերին, ներկայացրել է անձամբ Պաշտպանի և աշխատակազմի կողմից
իրականացված փաստահավաք աշխատանքները։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու
իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական
հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության
մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։
Պաշտպանը
հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների
պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը` խոսելով այդ ուղղությամբ նաև Պաշտպանի աշխատակազմի
կողմից իրականացվող քայլերի մասին:
Վեսա Հակկինենն
իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ
քննարկման համար։