Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին,
ընդունել է ԱՄՆ Հավայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Թոդ Էդինսին։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի
գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության
մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող
աշխատանքները։
Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել անձամբ իր
և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Այս համատեքստում Անահիտ
Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում. աշխատակազմի
հետ այցելել է Գորիս, Կոռնիձոր և Վայք` աշխատանքներն իրականացնելով նաև գիշերային ժամերին։
Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների
պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով
Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային
կազմակերպություններին և դերակատարներին։
Իր հերթին Թոդ Էդինսը շնորհակալություն է հայտնել ընդունելության
համար, կարևորել է Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր
առաքելության իրականացման գործում։