Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 9-ին ընդունել
է Եվրոպայի խորհրդի քաղաքական ու արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ
Պապային։
Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի
ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Արման Խաչատրյանը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի
գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության
մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող
աշխատանքները։
Պաշտպանը ներկայացրել
է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող
հարցեր, հատուկ անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք
աշխատանքներին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը
նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում. աշխատակազմի
հետ այցելել է Գորիս, Կոռնիձոր և Վայք` աշխատանքներն իրականացնելով նաև գիշերային ժամերին։
Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների
պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով
Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային
կազմակերպություններին և դերակատարներին։ Անահիտ
Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությանը, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների
պաշտպանությանը։
Քննարկվել են նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության
մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն
են հայտնել: