Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 25-ին ընդունել
է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս
Պետելի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր
դեսպան Օլիվյե Դեկոտինը։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունը` նկատի ունենալով
նաև այն ժողովրդավարական ու իրավունքահեն արժեքները, որոնցով առաջնորդվում է Ֆրանսիան։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները,
մասնավորապես՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ-տնտեսական իրավունքների,
զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության,
ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում
և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանն անդրադարձել է
ընտանեկան, գենդերային հիմքով բռնության կանխարգելմանը և Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու
անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ աշխատանքների
կարևորությանը։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի
տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել
է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության
սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին
առնչվող հարցեր։
Անն-Լորանս Պետելն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության
և արդյունավետ քննարկման համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը
մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։