Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 21-ին՝
Դաունի համախտանիշի համաշխարհային օրը, ներկա է գտնվել «Արևային զանգակների» համերգին:
Միջոցառումն անցկացվել է Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր
Սուրբ Աստվածածին եկեղեցում։ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն
հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող և Դաունի համախտանիշ ունեցող երեխաները
զանգակներով ներկայացրել են երաժշտական տարբեր գործեր։
Միջոցառման ընթացքում Պաշտպանն ու «արևները» միմյանց հարցեր
են ուղղել, Անահիտ Մանասյանը ծանոթացել է նրանց նախասիրություններին, լսել առօրյայի
հետ կապված տարբեր պատմություններ։
«Պետք է կարողանանք սիրել ու մեր հոգում առկա սերը միմյանց փոխանցել։
Ավելին, կարևոր է, որպեսզի միմյանց սիրենք` յուրաքանչյուրիս առանձնահատկությունները
նկատի ունենալով։ Այդ առանձնահատկություններն են, որ մեզանից յուրաքանչյուրին մեր անհատականության
մեջ կատարյալ են դարձնում», - նշել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը չափազանց կարևորել է յուրաքանչյուրի հավասար
հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը:
Այս համատեքստում նա ընդգծել է, որ Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի՝
երաշխավորելու Դաունի համախտանիշով մարդկանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու
իրավունքի անխոչընդոտ իրացումը:
Անահիտ Մանասյանը «Արև-երեխաներին» փոխանցել է հուշանվերներ:
Պաշտպանը վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում մշտապես կլինի նրանց կողքին:
«Արև- երեխաների» այս տարվա կարգախոսն էր «Լինենք միասին»։
Նշենք, որ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման
կենտրոն հասարակական կազմակերպությունը ներառված է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական
խորհրդի կազմում: