Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 27-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի
գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով
հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
երկկողմ համագործակցությունը: Հատուկ ընդգծվել է «Կոնրադ Ադենաուեր», միջազգային Իրավական
Համագործակցության գերմանական (IRZ) հիմնադրամների և ՄԻՊ աշխատակազմի միջև ձևավորված
արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը։
Անահիտ
Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով ատելության
խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում
և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Հանդիպման
շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների
պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձ է կատարվել անձամբ Պաշտպանի և աշխատակազմի
կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։
Փաստագրված
տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն
իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու
իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությանը։
Հանդիպման
ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը,
կալանքի ինստիտուտի կիրառմանը, ոստիկանության բարեփոխումների կարևորությանն առնչվող
մի շարք հարցեր։
Էլիզաբեթ
Վինկելմայեր-Բեքերին իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության
և արդյունավետ քննարկման համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը
մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։