Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 22-ին
ընդունել է «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիրներ Աննա և
Անահիտ Մխիթարյաններին։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ հաշմանդամություն
ունեցող անձանց, տարեցների և երեխաների իրավունքներին առնչվող հարցերն իր անմիջական
ուշադրության ներքո են։ Պաշտպանը կարևորել է տարբեր առանձնահատկություններով անձանց
իրավունքների երաշխավորումն ու պատշաճ ապահովումը։ Այդ ուղղությամբ Անահիտ Մանասյանն
ու աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն ամենօրյա աշխատանքներ են իրականացնում։
Այս համատեքստում նա չափազանց կարևորել է խնամքի հաստատություններում
անձանց իմաստալից զբաղվածության ապահովումը և այդ գործում յուրքանչյուրիս ջանքերի մեկտեղումն
ու արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են նաև այդ հաստատություններում
տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում մարդու իրավունքներին առնչվող հարցեր։
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին
ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։