Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 13-ին ընդունել է Ազգային ժողովրդավարական
ինստիտուտի (National Democratic Institute - NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն
Պուստյենսին և NDI խորհրդարանի ծրագրի ավագ ղեկավար Հովհաննես Հարությունյանին:
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝
ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական
և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց
իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի,
խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Պաշտպանն
անդրադարձ է կատարել փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական
զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի
հարցերին: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն
իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, կրթության,
ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։
Պաշտպանը
ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն
առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված
փաստահավաք աշխատանքներին։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների
պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով
Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային
կազմակերպություններին և դերակատարներին։
Հյուրերն
իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ
քննարկման համար։