Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին
ընդունել է Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության
(SIDA) ներկայացուցիչ, ծրագրերի գլխավոր մասնագետ Քրիստին Օլսոնին և Եվրոպայի խորհրդի
երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ երևանյան գրասենյակի ծրագրերի
ղեկավարներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի
գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության
մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող
աշխատանքները։
Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն
ու խթանմանն առնչվող հարցեր:
Պաշտպանն ընդգծել է, որ ոլորտը գտնվում է անձամբ իր ուշադրության
ներքո, այցեր են իրականացվում զինվորական հաստատություններ, պարբերաբար հանդիպումներ
են անցկացվում զինծառայողների հետ։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի
տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել
է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Փաստագրված
տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն
իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել
մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին
և դերակատարներին։
Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ սահմանամերձ
բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը։
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին
ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։