ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 2-ին մասնակցել է ազգային փոքրամասնությունների
կանանց հզորացմանը նվիրված «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» խորագրով միջոցառմանը,
որը կազմակերպվել է «Ուժեղացնելով Արևելյան հարևանության կայունությունը» ծրագրի շրջանակներում։
Նպատակն
էր քննարկել այն խնդիրները, որոնց տարբեր իրավիճակներում բախվում են Հայաստանում ապրող
ազգային փոքրամասնությունների կին ներկայացուցիչները։
Միջոցառմանը
բացման խոսքով հանդես են եկել Անահիտ Մանասյանը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ
Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան
Ջոն Գալագերը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա
Սվաջյանը և Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Մուրազ Շամոյանը։
Անահիտ
Մանասյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իր
աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Ընդ որում` Պաշտպանը շեշտել է, որ այդ առումով
կարևորում է ոչ միայն ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը,
այլ խթանումը, ինչի ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել լուրջ քայլեր։
«Անհնար
է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության,
իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության
երաշխավորումը։ Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված պետությունն,
ի թիվս այլնի, ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու և նպաստելու նրանց մշակույթի,
կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը, և այս առումով չափազանց կարևոր է նաև ազգային
փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը», ֊ ասել է Պաշտպանը։
Այս համատեքստում
Անահիտ Մանասյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի
գործունեությունը։
Պաշտպանն
իր ելույթում անդրադարձել է նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հանդիսացող
կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ աշխատանքների կարևորությանը։
Գործընթացի հաջող իրականացման համար նա ընդգծել է տարբեր կարծրատիպերի հաղթահարման
անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ
իրականացնել կրթական համակարգի բարեփոխման ուղղությամբ, քանի որ հենց կրթական համակարգի
միջոցով են շատ հաճախ փոխանցվում կարծրատիպային մոտեցումները, որոնք չեն համապատասխանում
մարդու իրավունքներին վերաբերելի ժամանակակից միտումներին։
Ավարտելով
ելույթը՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի
համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց, մասնավորապես ազգային փոքրամասնությունների
ներկայացուցիչ հանդիսացող կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների
խթանմանը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է այս առումով յուրաքանչյուրիս մոդելային վարքագծի
կարևորությունը և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին
ու մասնակիցներին նման կարևոր հարթակ նախաձեռնելու համար: