Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական
միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝
ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական
և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց
իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի,
խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Հանդիպման
շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների
պաշտպանությանն առնչվող հարցեր։ Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել անձամբ իր և
աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել
են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների,
մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված
այլ դեպքերի մասին տեղեկություններ։
Պաշտպանն
անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությանը:
Պարոն
Մարտին Չունգոնգն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և
արդյունավետ քննարկման համար։