Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային
ժողովում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, խորհրդարանում Հայաստան-Իրաք
բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը հունվարի 12-ին համատեղ այց են իրականացրել
Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիներին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի,
ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գործընկեր կազմակերպության «Առաքելություն Հայաստան»
բարեգործական հասարակական կազմակերպության և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության
ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի ներկայացուցիչներ:
Հայաստանում ապաստան հայցող անձինք Պաշտպանին ներկայացրել են
իրենց իրավունքներին առնչվող հարցեր, խնդիրներ՝ կապված կացարանի, պետության կողմից
դրամական օգնության, աշխատանքի և հայերենի չիմացության հետևանքով հաղորդակցվելու հետ:
Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում
կուսումնասիրի նրանց կողմից բարձրացված խնդիրները և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի
համապատասխան քայլեր:
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ապաստան հայցողների, փախստականների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների
իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ուշադրության կենտրոնում: