Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին
այցելել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային
ստորաբաժանում:
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի
աշխատանքներին և փորձաքննության գործընթացին:
Պաշտպանը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային
համալրման ծառայության պետի պաշտոնակատար Արեն Սարգսյանի և տարածքային ստորաբաժանման
ղեկավար Սերգեյ Հակոբյանի հետ:
Անահիտ Մանասյանը հատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հանձնաժողովի
աշխատանքներին ու փորձաքննության ընթացքին, անձնակազմի հետ քննարկել զորակոչիկների
հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, զրուցել զորակոչիկների հետ,
անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին:
Այցի ընթացում հատուկ անդրադարձ է կատարվել շարքային կազմի պարտադիր
զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ստացիոնար հետազոտության ուղեգրված Է. Հարությունյանի մահվան դեպքին: Պաշտպանին տեղում
ներկայացվել են պարզաբանումներ: Անահիտ Մանասյանը նշել է, որ դեպքի առնչությամբ հարցերը
գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:
Ձմեռային զորակոչի հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի
ուշադրության ներքո են, այցերը կրելու են շարունակական բնույթ: