Մահացու հրազենային վիրավորումով զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից
անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։
Արդեն իսկ միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն:
Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:
Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման
դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ: Չափազանց կարևոր է իրավասու պետական մարմինների
կողմից նման գործերով արդյունավետ քննության իրականացումը, ինչպես նաև համանման դեպքերի
կանխարգելմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ձեռնարկումն ու այդ նպատակով ամբողջական
և պատշաճ կառուցակարգերի գործարկումը։
Այս հանգամանքը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ընդգծվել
է բազմիցս, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել են խնդրի լուծմանն ուղղված առաջարկություններ։
Պաշտպանը հետևողական է լինելու ինչպես վերոնշյալ, այնպես էլ
ոլորտում առկա, այդ թվում՝ ԶՈՒ կարգապահությանն առնչվող խնդիրների հասցեավորմանն ու
դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը։