Հունվարի 2-ին Երևանի Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված
հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեփական նախաձեռնությամբ
սկսել է ուսումնասիրություն։
Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն,
ինչպես նաև համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն
պետական իրավասու մարմիններին։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ տեղի ունեցածը պետք է մանրամասն
քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության
կանչելու, այլ նաև ապագայում նման պատահարները բացառելու համար։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հունվարի
2-ին Երևանի Սեբաստիա փողոցում հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում
հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։
Ըստ հրապարակման՝ տարհանման ժամանակ մեկ անձ տուժել է: Մարդու իրավունքների պաշտպանը
վերջինիս մաղթում է շուտափույթ ապաքինում։