Դեկտեմբերի
26֊ին տոնական տրամադրություն էր «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային
կազմակերպությունում։ Մարդու իրավունքների պաշտպանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության, «Ճախրուկ» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Ճախրուկ» էթնո
երաժշտախմբի ամանորյա համերգային միջոցառումը:
Միջոցառմանը
ներկա էին Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ինչպես նաև «Երևանի «Զատիկ» երեխաների
աջակցության կենտրոն» և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ների սաները:
Երաժշտախմբի
հիմնադիր - ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները, որոնք երեկոյի ամբողջ ընթացքում
նվագակցել են խմբի անդամներին: Նրանք հյուրերին նվիրել են սաների կողմից պատրաստված
հուշանվերներ: Անահիտ Մանասյանը, իր հերթին, մեծ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար
քույրերին պարգևատրել է Պաշտպանի շնորհակալագրով:
«Յուրաքանչյուր
մարդ՝ տալով սեր և ջերմություն, նպաստում է ընդհանուր միջավայրի դրական փոփոխություններին:
Արդյունքում՝ յուրաքանչյուրիս այդպիսի ապրելակերպի շնորհիվ, աշխարհը վերափոխելու և
այն ավելի լավը դարձնելու հնարավորություն է ստեղծվում: Կարծում եմ, «Ճախրուկը» հենց
դրա մասին է. մեր միջավայրին սեր և ջերմություն տալու մասին է։ Այդ զգացողությունը
ես ունենում եմ մշտապես` «Ճախրուկ» էթնոերաժշտախմբի անդամների հետ շփվելիս», - ասել
է Պաշտպանը՝ դիմելով ներկաներին:
Տոնական
օրվա ավարտին Անահիտ Մանասյանը զարդարել է բարություն, առատություն, կյանք և աշխարհի
զարգացում խորհրդանշող Կենաց ծառը, այնուհետև հաստատությունների սաներին հանձնել ամանորյա
նվերներ: Պաշտպանը վերահաստատել է, որ միշտ կանգնած կլինի «Ճախրուկների» մեծ ընտանիքի
կողքին: