Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիչիսը
դեկտեմբերի 18-ին այց են իրականացրել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների պաշտպանության
կենտրոն» հիմնադրամ:
Նպատակն էր ծանոթանալ կենտրոնում երեխաներին, այդ թվում՝ Լեռնային
Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող ծառայություններին: Այցին մասնակցել են
նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Պաշտպանի աշխատակազմի և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական
հիմնադրամի ներկայացուցիչները:
ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոնում բռնի տեղահանված երեխաների
ծնողները հյուրերի հետ մասնակցել են նաև քննարկման, ներկայացրել են իրենց իրավունքների
հետ կապված հարցեր:
Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների
առնչությամբ Պաշտպանի հաստատությունն անընդհատ աշխատանքներ է իրականացնում: Այս համատեքստում
Պաշտպանն ընդգծել է, որ առաջին իսկ օրվանից անձամբ է ակտիվ ներգրավվել այդ աշխատանքներում:
«Բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների
պաշտպանությունն իմ անմիջական ուշադրության ներքո է: Աշխատանքներում ներգրավվել եմ
առաջին իսկ օրվանից. աշխատակազմի հետ այցելել եմ Գորիս, Կոռնիձոր և Վայք, աշխատել ենք
նաև գիշերային ժամերին։ Այժմ էլ շարունակաբար այցեր ենք իրականացնում բռնի տեղահանված
անձանց ժամանակավոր կացարաններ: Որպես Մարդու իրավունքների պաշտպան վստահեցնում եմ,
որ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուրի իրավունքների պատշաճ իրացմանը»,
- ասել է Անահիտ Մանասյանը:
Կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի ուղեկցությամբ Պաշտպանն
ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյան շրջել են նաև հաստատության տարածքով և ծանոթացել երեխաների
առօրյային: Ներկայացվել է նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ
իրականացվող Բարնհաուս մոդելի կիրառման գործընթացը:
Մարդու իրավունքների պաշտպանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական
Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենը և Երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավարը
պայմանավորվել են երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ էլ ավելի խորացնել
համագործակցությունը: