Դեկտեմբերի
11-14-ը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու
իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի հետ համատեղ
իրականացրել է Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպում-քննարկում։
Հանդիպման
նպատակն էր վերանայել Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացվող քրեակատարողական
հիմնարկներում մշտադիտարկման այցերի ստուգաթերթի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին
համապատասխանությունը, մշակել նոր հարցաշար, քննարկել աշխատակիցների համար նախատեսվելիք
ձեռնարկի կառուցվածքի և բովանդակության հիմնական ուղղությունները։
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև
ստեղծված ամուր համագործակցության մակարդակը: Այս համատեքստում նա կարևորել է աշխատակազմի
կարողությունների զարգացմանն ուղղված Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումների
անցկացումը։
Քննարկման
ժամանակ վեր են հանվել նաև մշտադիտարկման այցերի ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները,
մշակվել է դրանց վերհանման գործիքակազմը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացումը կրում է շարունակական
բնույթ: